ՀՎԿ-ն քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը. որոշում դեռևս չկա. Էդգար Առաքելյան
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որոնք տեղի կունենան մայիսին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը:
«Քննարկումներ ընթանում են: Ամենաուշը շաբաթ օրը կգումարենք վարչության նիստ, որից հետո հայտարարությամբ հանդես կգանք՝ մասնակցելո՞ւ ենք Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ: Քննարկումներ այս պահին ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց Է. Առաքելյանը:
Հարցին՝ ՀՎԿ-ի մեծամասնությունը հակված է մասնակցե՞լ ընտրություններին, թե ոչ, Առաքելյանը պատասխանեց, թե տարբեր կարծիքներ կան, որոնք քննարկելուց, համադրելուց հետո կուսակցությունը որոշում կկայացնի:
Դիտարկմանը, թե ՀՎԿ-ն խորհրդարանական ընտրություններում Երևանից շատ քիչ տոկոսով ձայներ էր ստացել, դա կարո՞ղ է լինել պատճառ, որ ավագանու ընտրություններին կուսակցությունը չմասնակցի, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք եզրակացություններ արել ենք, մեր որոշումը կայացնելիս հաշվի կառնենք բոլոր դետալները»:
Իսկ այն հարցին՝ արդյոք ՀՎԿ-ն համակերպվե՞լ է խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, դա՞ է պատճառը, որ հետընտրական ակտիվություն չի ցուցաբերվում, Էդգար Առաքելյանը հիշեցրեց, որ իրենք հայտարարություն են տարածել, որում ասված է, որ իրենք չեն վիճարկելու ընտրությունների արդյունքները, բայց դրանց վրա մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը:










