Ընտրություններն արտահայտեցին մարդկանց ազատ կամարտահայտությունը. Լեռնիկ Ալեքսանյան (տեսանյութ)

14:05 • 06.04.17

«Ազատ դեմոկրատների ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (նկարում՝ աջից) ցավում է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան չանցավ:

Նա այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց թիմի նկատմամբ բացասական կարծիքներ գրեթե չկային: Սաֆարյանը միևնույն ժամանակ հայտարարեց, որ իրենց համար շատ բարդ էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ այլ քաղաքական ուժերի հետ համեմատ։

«Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև: ՀՀԿ-ն տնօրինում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ մյուս դաշինքներն էլ ներսում միմյանց օժանդակում էին: Բայց հանրության բացասական վերաբերմունք չեմ տեսել մեր թիմի վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներին» հաջողվել էր հավաքել բավական ներկայանալի թիմ։ Բայց մենք բավական ուշ մտանք քաղաքական պրոցեսի մեջ, նկատի ունեմ նաև այն անհատները, ովքեր հրավեր էին ստացել ու միացել էին»,- ասաց նա:

Սաֆարյանը պնդեց՝ իրենց ֆինանսական ռեսուրսները բավականին սուղ էին, ինչն էլ խանգարեց նրանց: Նա նաև նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը մինչ այս էլ մասնակցություն են ունեցել տարբեր քաղաքական պրոցեսներին:

««Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը վերջին օրերին նաև հայտարարում էին, որ մեզանից բացի ոչ ոքի մի ընտրեք, քանի որ մյուսների շանսերը շատ ցածր են: «Ելքի» կուսակցությունները մինչ այդ քաղաքական տարբեր պրոցեսների մեջ կային՝ Հրազդանի ընտրություններ, ՏԻՄ այլ ընտրություններ»,-ասաց նա։

Հանրապետական  պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրիվ համակարծիք չէ Սաֆարյանի հետ: Նրա կարծիքով՝ այս ընտրությունները նախորդների համեմատ ազատ էին ու արդար, մի քայլ էլ առաջ էին նախորդներից:

«Այս ընտրություններով լուծվեցին կարևորագույն խնդիրներ, որոնք դրված էին՝ ժողովրդավարություն, մարդկանց ազատ կամքի արտահայտություն, ուրիշների իրավունքների չարաշահման բացակայություն: Արդար է, լավն է և այլ, կարելի է գնահատականներ տալ, բայց մի բան հստակ է՝ ժողովուրդն ասաց, որ ինքը եվրոպացի չէ, ասաց, որ ինքը այս ազգի ժողովուրդն է, իրեն այսօր այլ բան պետք չէ»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այս ընտրություններն արտացոլեց ժողովրդի ազատ կամարտահայտությունը, քանի որ, ըստ նրա, չի եղել վարչական ռեսուրսի, բռնության կիրառում:

«Ոչ ճիշտ ընդդիմադիրի կեցվածքն է ընտրակաշառքի հիմք դարձել: Բացի ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք առաջադրվել են ու գումարներ չեն ծախսել քվե ստանալու համար, սակայն անցել են խորհրդարան: Սակայն ես մտահոգ եմ , որ ժողովուրդն ավելի մեծ սպասելիք ունի փող ունեցողից, քան քաղաքական գործչից: Բացի այդ, պետք է տարբերել ընտրակաշառքը բարեգործությունից»,- ընդգծեց նա:

Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ քաղաքականությունը խոսքի ուժ է, իսկ մարդիկ ոչինչ չեն մոռանում: Նա մատնացույց արեց այն, որ քարոզարշավին մարդիկ խոսում էին կոռուպցիայից, որոնք նախկինում եղել են կոռումպացված, ավելին՝ քաղաքական ուժերը բաներ էին խոստանում, որ իրենց ուժերից վեր է:  

ՀեղինակԱնի Օհանյան