Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը. դեսպան Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Մարտիրոսյանին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ու բաց նամակով դիմել ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած երկու քաղաքական ուժերի՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան և «ԵԼՔ» դաշինքների պատգամավորության թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ միմյանց ուղղված մեղադրանքների առթիվ իր անունը անհարկի շոշափելուն և երկուսին էլ կոչ է արել դադարեցնել դա:
Ներկայացնում ենք Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ.
«Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին,
Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,
Հարգելի պարո՛ն Փաշինյան,
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։
Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։
Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալ եմ,
Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։
Հիշեցնենք, որ երեկ ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Միքայել Մինասյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել և հերքել Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը՝ ասելով, թե որևէ մեկն իրենց թիկունքին չի կարող կանգնել։










