Սանկտ Պետերբուրգի մետրոյի ուղևորներից մեկի մոտ տրոտիլի հետքերով նռնակ է հայտնաբերվել
Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պրիմորսկայա» կայարանում ուղևորի մոտից կասկածելի առարկա է առգրավվել, որը, ինչպես պարզվել է, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների նռնակ՝ տրոտիլի հետքերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի հարցերով Ռուսական գվարդիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է նռնակի նման առարկա: Դեպքի վայր են հրավիրվել սակրավորները: Կասկածելի առարկայի զննության ժամանակ պարզվել է, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների РГ-42 նռնակ է:
«Նռնակի ներսում տրոտիլ չի եղել, այսինքն՝ տրոտիլի հետքեր կան, բայց փաստացիորեն այն կիսամարտական է եղել»,- հայտարարել է նա:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ տղամարդը, ում մոտ հայտնաբերվել է նռնակը, ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը:










