Որ դեպքում սպառողը կարող է վերադարձնել կահույքը, տեխնիկական սարքավորումները, օծանելիքը (տեսանյութ)
Փոփոխվել է վերադարձի, փոխանակման ենթակա ապրանքների ցանկը: Այսօր կառավարությունը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ փոխանակել կամ հետ վերադարձնել չի կարելի դեղորայքը, փչացող սննդամթերքը, մետրով վաճառվող ապրանքները, կոսմետիկ միջոցները՝ բացառությամբ օծանելիքի, հիգիենայի միջոցները՝ ներքնազգեստը, սպիտակեղենը և այլն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Վերջինս նշեց, որ նախկին օրենքը չէր թույլատրում վերադարձնել օծանելիքը, բայց հիմա այն միակ կոսմետիկ պարագան է, որը վերադարձի ենթակա է:
«Օծանելիքի պարագայում բացառված է, որ օրիգինալը խանութից գնեն, հետո հետ վերադարձնեն կեղծը, որովհետև հարկադրոշմներով նույնականացնելու ըհնարավորություն կա, հետևաբար հնարավոր է պարզել՝ ապրանքը օրիգինալ խմբաքանակից է, թե ոչ: Կոսմետիկ միջոցը կարող ենք տանել տուն, օրինակ դիմային կրեմը, սխալ պայմաններում պահի, փչացնի, հետո տանի վերադարձի: Ուստի կոսմետիկ միջոցները վերադարձնել կամ փոխանակել թույլատրելի չէ»,- ասաց Բ. Պիպոյանը:
Վերջինս նշեց, թե ինքը դեմ է, որ դեղորայքը վերադարձի կամ փոխանակման ենթակա ապրանք լինի: «Սա գուցե առաջին հայացքից թվա, որ սպառողի շահից չի բխում, բայց դա այդպես չէ, որովհետև գուցե վերադարձվի կեղծ դեղորայք, իսկ սա առողջապահական ռիսկ է: Հիգիենայի միջոցներն էլ առողջապահական ռիսկ ունեն: Որևէ մեկը չի գնի ներքնազգեստ, երբ վստահ է, որ այն ուրիշ մեկը հագել է, մի անգամ փորձել է: Կան ապրանքներ, որոնց վերադարձը սխալ է»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Վերադարձի կամ փոխանակման ենթակա ապրանքների ցանկից դուրս է եկել կահույքը, այսուհետ, Պիպոյանի փոխանցմամբ, կահույքը կարելի է հետ վերադարձնել, բայց գնորդն իր վրա պետք է վերցնի վերադարձի ծախսերը: «Տնտեսվարողը ծախս է անում ոչ մի բանի դիմաց: Հիմա օրենքը հստակ ֆիքսում է, որ վերադարձից բխող ծախսերը պետք է կատարի սպառողը, սպառողը պետք է բանվոր վարձի, մեքենա, տանի խանութ»,- նշեց նա:
Վերադարձի կամ փոխանակման ենթակա ապրանքների ցանկից դուրս են եկել նաև տեխնիկական սարքավորումները, դրանք այսուհետ, Բաբկեն Պիպոյանի խոսքով, կարող են փոխանակվել ու հետ վերադարձվել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշեց, թե նախկին օրենքը չէր սահմանում վերադարձ, սահմանում էր փոխանակում, իսկ վերադարձ միայն այն պարագայում, երբ սպառողի ցանկացած ապրանքը բացակայում էր: Սա, ըստ Պիպոյանի, սպառողի համար վատ վիճակ էր ստեղծում:
Մանրամասները՝ տեսանյութում։










