ԱՄՆ փոխնախագահի թիկնապահը հեռացվել է ծառայությունից՝ մարմնավաճառի հետ կապի պատճառով. CNN

10:25 • 06.04.17

Գաղտնի ծառայության գործակալը, որն ապահովում էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի անվտանգությունը, հեռացվել է ծառայողական պարտականությունների կատարումից՝ մարմնավաճառի հետ կապի համար, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում մի քանի աղբյուրի:


Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ: Ոստիկանությունը ժամանել է Մերիլենդի հյուրանոցներից մեկը՝ արձագանքելով հյուրանոցի մենեջերի կանչին, ում մոտ կասկածներ են առաջացել համարներից մեկում տեղի ունեցող գործողությունների առնչությամբ: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը, ինչպես պարզվել է, Գաղտնի ծառայության աշխատակից է եղել: Աղբյուրներից մեկի տվյալներով՝ գերատեսչության գործակալն ինքնակամ է հայտնել տեղի ունեցածի մասին ղեկավարությանը:


Գաղտնի ծառայության մեկ այլ ներկայացուցիչ հեռուստաալիքին ուղղված պաշտոնական հայտարարությունում հաստատել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել՝ նշելով, որ մասնագիտական պատասխանատվության հարցերով ծառայությունն անցկացնում է դեպքի հետաքննություն: Նա նաև հայտնել է, որ ղեկավարության պահանջով գործակալը հանձնել է ծառայողական զենքը և համազգեստը, և այժմ գտնվում է վարչական արձակուրդում: