ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կա՛մ հայ կլինի, կա՛մ ուրիշ ոչ ոք չի նշանակվի․ Սերգեյ Մինասյան
Տեսականորեն հնարավոր է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր՝ Բաքու այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է՝ սպասվող ՀԱՊԿ նիստի ժամանակ տապալել գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ ներկայացուցչի նշանակումը․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-ռուսական մոտեցումները՝ այս անգամ վերջապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը:
«Եթե այդպես չլինի, ապա չի ընտրվի և ոչ ոք, որովհետև այս անգամ անպայմանորեն պետք է ընտրվի Հայաստանի ներկայացուցիչը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովի օրակարգում պետք է լիներ նաև այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, ինչը, սակայն, չքննարկվեց և տեղափոխվեց նույն տարվա դեկտեմբերին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք վեհաժողով:
Լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, որ հարցը հետաձգվել է Նազարբաևի չժամանելու պատճառով: Հետո Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ այդ հարցում չկա կոնսենսուս: Դեկտեմբերին էլ հարցը հետաձգվեց մինչև ապրիլ, քանի որ Սանկտ-Պետերբուրգ չէր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Սերգեյ Մինասյանը դժվարացավ կանխագուշակել, թե սպասվող վեհաժողովին, որի ժամկետները դեռ հայտնի չեն, ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց ինչպես կդրսևորեն: «Բայց ոչինչ երաշխավորված չէ: Պետք է դրա համար իրականացվի դիվանագիտական աշխատանք: Դրա համար պետք է աշխատանք տանել ՀԱՊԿ անդամ երկրների և, մասնավորապես գլխավոր երկրի՝ Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Քաղաքագետը չբացառեց, որ Նազարբաևի այցը Բաքու, կարող է համարվել դիվանագիտական ժեստ՝ ուղղված Հայաստանին: Այս առիթով հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 14-ին Նազարբաևը պետք է լիներ Հայաստանում, իսկ դրանից երկու օր առաջ պաշտոնական այց պետք է կատարեր Բաքու, սակայն երկու պաշտոնական այցելություններն էլ չկայացան, ըստ պաշտոնական պարզաբանման, Ղազախստանի նախագահը հիվանդ էր հարբուխով:
Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարման մասին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ մեր երկիրը խաղում է մի դերը, որը չի համապատասխանում իր տարածքին և ռեսուրսներին․ Հայաստանն ավելի ակտիվ է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններում, քան կառույցի մնացած անդամ երկրները:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է այդքան ծանր, էմոցիոնալ տանի իր ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բայց հայկական դիվանագիտությունը չպետք է հրաժարվի և չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին տեսնելու հնարավորությունից»,- ասաց Սերգեյ Մինասյանը:










