Վիրահատության համար ո՛չ Պն-ն, ո՛չ ԵԿՄ-ն չի աջակցում. 2016-ի ապրիլին հրաշքով փրկված ազատամարտիկի կին (տեսանյութ)
Նախորդ տարի ապրիլի 5-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից պայթեցված փոխադրամիջոցում գտնված և փրկված ԵԿՄ Սիսիանի ջոկատի անդամ 54-ամյա Վարազդատ Սիմոնյանն արդեն կարողանում է թեթևակի շարժվել, խոսել, սակայն տեսողությունը չի վերականգնվում: Tert.am-ի հետ զրուցում նրա կինը՝ Խանում Ղուկասյանը, նշեց, որ ամուսինը միայն հեռվից կարողանում է առանձին դետալներ տեսնել և, դրանք ամբողջացնելով, որոշակի պատկեր ստանալ: Վարազդատ Սիմոնյանը վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում. սկզբում նրան փնտրել են մահացածների մեջ:
Կինը վերհիշում է՝ բժիշկներից ոչ ոք հույս չի տվել, որ ամուսինը ողջ կմնա, 5 օր անգիտակից է եղել:
«Հրաշք է, ուղեղը լրիվ իր գլխից անջատվել էր, ընկել էր, ուղղակի թաղանթը չէր պայթել, հողից վերցրել էին , լվացել, տեղադրել, գիտեին, թե կմահանա, բայց հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկների միջոցով, հրաշքով փրկվել է»,- պատմեց կինը:
Ազատամարտիկ Վարազդատ Սիմոնյանը պատմեց, որ լավ հիշում է «Ուրալ»-ի ռմբակոծման օրը:
«Բարդ իրավիճակ եղավ, նկատեցինք թռչող սարքը, զենքով կրակեցինք...երևի էդ ժամանակ խփեցին ու էլ չեմ հիշում»,-պատմեց նա՝ հավելով, որ լիահույս է՝ իր ընկերների մահը զուր չի եղել, ի վերջո խաղաղություն է լինելու:
Տիկին Խանումը շեշտեց, որ ամուսնուն գլխի շրջանում պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ, բայց արտերկրում, իսկ իրենք համապատասխան միջոցներ չունեն:
Տիկին Խանումի քույրը՝ Հեղինե Հովհաննիսյանը, նշեց, որ Սիմոնյանների ընտանիքը Երևանում վարձով է բնակվում, ֆինասական խնդիրներ ունեն։
«Էս ընտանիքը դեղորայք ձեռքբերելու խնդիր ունի, թանկ են, 25 տարի է սպասում են բնակարանի հերթին, ինքն Արցախյան պատերազմի մասնակից է եղել, երկրորդ կարգի հաշմանդամ լինելով՝ մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, հիմա առաջին կարգի հաշմանդամ է, վարկեր ունեն, կինն աշխատում է, թոշակի հետ միասին վարկերն են փորձում մարել,տան վարձ են տալիս արդեն 13 տարի, պետությունը խոստացավ, որ վարկերը կմարեն, բայց չարեցին»,-ընդգծեց նա:
Ազատամարտիկը երկու երեխա ունի, դուստրն աշխատում է ՊՆ-ում, նրանց աջակցությամբ էլ չեն կարող Վարազդատ Սիմոնյանի վիրահատության ծախսերը հոգալ, տիկին Խանումի խոսքով՝ հազիվ դեղորայք են կարողանում ձեռք բերել: Տիկնոջ խոսքով՝ ոչ ՊՆ-ից , ոչ էլ ԵԿՄ-ից իրենց աջակցություն չի ցուցաբերվել, նրան միայն տրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալ:
Մանրամասները՝տեսանյութում։










