Times Higher Education-ը հրապարակել է 2017 թվականի Երիտասարդ համալսարանների վարկանշային ցանկը
Բարձրագույն կրության և նորությունների գծով մասնագիտացած Times Higher Education շաբաթաթերթը հրապարակել է Երիտասարդ համալսարանների վարկանշային ցանկը: Ցանկը ներկայացնում է աշխարհի 200 լավագույն համալսարանները, որոնք ստեղծվել են ոչ ուշ, քան հիսուն տարի առաջ: Այդ մասին հայտնում է շաբաթաթերթի կայքը:
2017 թվականի ցանկում ընդգրկված են համալսարաններ 48 երկրներից:
Առաջին տեղը երրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Շվեյցարիայում գտնվող Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (École Polytechnique Fédérale de Lausanne):
Երկրորդ տեղում է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը, երրորդ տեղում՝ Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանը: Չորրորդ և հինգերորդ տեղերում են հայտնվել երկու հարավկորեական համալսարաններ: Չորրորդ տեղը զբաղեցրել է Պոհանի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը, իսկ հինգերորդ տեղը՝ Կորեայի առաջատար գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտը:
Times Higher Education-ը հաշվի է առել 13 ցուցանիշ համալսարանները գնահատելու համար:
Վարկանշային ցանկում ամենաշատը ներկայացված երկիրը Մեծ Բրիտանիան է՝ 27 համալսարաններով, նրան հետևում է Ավստրալիան՝ 23 համալսարաններով, այնուհետև հաջորդում են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան և Իտալիան:










