Սանկտ Պետերբուրգի բնակիչը գյուղ է հրդեհել՝ այնտեղ «բանդիտների խմբավորման» պատճառով (լուսանկարներ)

15:43 • 06.04.17

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Օլեգ Գերասիմովը խոստովանել է, որ մի քանի տուն է հրդեհել Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանի Լոպեց գյուղում: Տղամարդը ոստիկաններին ասել է, որ դա արել է իբր այնտեղ գտնվող բանդիտական խմբավորման պատճառով: Այս մասին հայտնում է 47news.ru պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ` ապրիլի 5-ի վաղ առավոտյան հայտնի է դարձել մոտ 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հրդեհման մասին: Պորտալի տեղեկությունների համաձայն` գյուղի 11 տնից վառվել է 9 տուն: Գյուղի բնակիչները չեն տուժել. բնակավայրում հիմնականում գտնվում են ամառանոցային կառույցներ, որտեղ մարդիկ հանգստանում են ամռանը: Այս տներից մեկում երկու տղամարդ է գտնվել, որոնք էլ կանչել են հրշեջներին:

Նշվում է, որ հրդեհումների համար Գերասիմովն օգտագործել է բենզինի և յուղի խառնուրդ, իսկ տների տակ խարույկներ է արել: Լսելով ազդանշանի ձայնը` նա նստել է «Վոլգա» մակնիշի իր ավտոմեքենան և վարել փրկարարների ուղղությամբ: Բախումից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել գազի փոքր բալոնից գազ ցողել հրշեջների վրա: Վերջիններս փախուստի են դիմել, իսկ Գերասիմովը վերցրել է բենզասղոցը, եղևնի կտրել և անհետացել անտառում:

Նշվում է, որ տղամարդը նամակ է թողել իր բնակարանում` պատմելով գյուղում գտնվող բանդիտների մասին:

«Լոպեց գյուղում ապագա բանդիտների և մարդասպանների բազա է ստեղծվել: Տեղացիները 90-ական թվականներից կամ ավելի վաղ նրանց են տրամադրում իրենց բնակարանները: Երբ սկսվեն խռովությունները, բանդիտները ծեծի կենթարկեն իշխանությունների կողմից լքված բնակչությանը: Զաբելյե գյուղում նրանք շտաբ ունեն»,- գրել է տղամարդն իր նամակում:

Իրավապահ մարմինների աշխատակիցների հետ զրույցի ժամանակ տղամարդն ասել է, որ բնակավայրում տներ հրդեհելու պատճառը Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի մասին լսած լուրերն են եղել, որոնք իբր հաստատել են իր տեսությունը Լոպեց գյուղում ապագա ահաբեկիչների տեղակայման մասին:

Պորտալը չի մանրամասնում` ինչպես է տղամարդը վերադարձել քաղաք և ինչու է որոշել ոստիկանություն դիմել: