Գեղարքունիքում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու ուսուցչուհին պնդում է, որ սահմանված աշխատավարձը չեն վճարել. մարզպետը խոստանում է զբաղվել խնդրով

14:07 • 07.04.17

 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրենը քեն է քշում ընտանիքիս նկատմամբ, կինս ուսուցչուհի, նրան չի վճարվել օրենքով սահմանված աշխատավարձը՝ պատճառաբանությամբ, թե բացակայել է դասերից»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիճքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, բանաստեղծ,  դաշնակցական Համլետ Հակոբյանը:

Ըստ նրա՝ կնոջ՝ Սյուզաննա Մարկարյանի աշխատավարձի չնչին մասն է վճարվել, այնինչ արձակուրդայինի հետ միասին պետք է 100 հազարից ավելի չափով գումար ստանար: Համլետ Հակոբյանը պարզաբանեց, որ կինը նաև հեռակայում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, բացակայել է՝ դասընթացներին մասնակցելու համար, դեկանատից համապատասխան տեղեկանքը ներկայացվել է:

«Մոտ 60 հազար դրամ են վճարել, այդպես են արել, քանի որ կինս նաև ռեյտինգային թեկնածու էր առաջադրվել այս ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից: ՀՀ աշխատանքային օրենսգրքով և միջազգային օրենսդրությամբ քաղաքական հայացքների նկատմամբ խտրական վերաբերմունքն արգելվում է։ Աշխատանքային օրենսգրքի 200 հոդվածի 2-րդ մասով հստակ գրված է՝ աշխատանքի վարձատրություն՝ ուսումնական արձակուրդի  դեպքում»,- շեշտեց  Համլետ Հակոբյանը՝ պարզաբանելով, որ կինը դասընթացներին մասնակցելու նպատակով մի քանի օր  բացակայել է Նոյեմբեր ամսին, մի քանի օր էլ Մարտ ամսին:

Համլետ Հակոբյանը բարձրաձայնեց, որ այդ դպրոցում այլ խնդիրներ ևս եղել են, ուստի դիմում է ոչ միայն մարզպետին, այլ Կրթության և գիտության նախարարին:

«Խնդրում եմ հանձնարարել ՀՀ ԿԳՆ կրթության տեսչությանը ուսումնասիրել նաև, թե որտեղ են ծախսվել դպրոցի տնտեսված գումարները, երբ Կառավարման խորհրդի նախագահ եղած ժամանակ շուրջ 7 միլիոն տնտեսված ՀՀ դրամ գումարի առկայության պարագայում եմ հանձնել իմ լիազորությունները։ Առավել ևս, ըստ տվյալների, շուրջ 4 մլն դրամ դպրոցի տնտեսված գումարները պահվել են` տարել են։ Գործի ընթացքի դեպքում պատրաստ եմ  տրամադրել փաստաթղթեր»,- նշեց նա:

Tert.am-ի հետ զրուցում նրա կինը՝ ուսուցչուհի, ՀՅԴ տարածքային ցուցակով առաջադրված Սյուզաննա  Մարկարյանը վստահեցրեց, որ Մարտին բացակայել է 2 շաբաթ՝ դասերին մասնակցելու համար, համապատասխան թուղթը  դեկանատից ներկայացրել է:

«Ես քարոզարշավին մասնակցել եմ շաբաթ և կիրակի օրերին, եղել եմ դասերի, նոյեմբերին էլ քարոզարշավ չկար, կրկին  դասերի էի։ Շուտով քննություններ են լինելու, օրենքով սահմանված կարգով կարող եմ բացակայել»,- շեշտեց նա:

Ամուսիները վստահ են, որ դպրոցի տնօրենն ուղղորդվում է մարզպետարանի հրահանգով:

Tert.am-ի հետ զրուցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ տեղյակ չէ խնդրին, դեռ արձակուրդում է, երկուշաբթի օրվանից կզբաղվի հարցով, բայց չի կարծում, որ նման բան հնարավոր է:

«Օրենքից դուրս գործողություն չէր կարող լինել, արձակուրդը պետք է հաշվարկվի օրենքով սահմանված կարգով, եթե այդպես չի եղել, ապա նրան հասանելիք գումարը կվճարվի»,-շեշտեց նա:

Մարզպետն  ընդգծեց, որ միայն ուսուցչուհին չի եղել իր մրցակիցը, այլ 85 այլ թեկնածուներ, ինքը ճնշումներ չի գործադրել ոչ ոքի վրա, աշխատել է  թիմային, և թիմային արդյունք են գրանցել:

«Ես չեմպիոն լինելու խնդիր չեմ ունեցել»,- շեշտեց մարզպետը՝ հավելելով, որ իրեն ավելի հոգեհարազատ է գործադիրում աշխատանքը, բայց կվերցնի պատգամավորի մանդատը, թե կմնա գործադիրում  կորոշի կուսակցությունը: