«Նորից վատ հոտ է գալիս». Charlie Hebdo-ն Ասադի ծաղրանկարն է հրապարակել Սիրիայում քիմիական հարձակումից հետո
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ նրան պատկերելով քթին մեծ կարմիր ամրակով, գրում է lenta.ru-ն:
«Քիմիական հարձակում Սիրիայում: ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին: Նորից վատ հոտ է գալիս», - գրել է պարբերականը:
Կանաչ ֆոնին և քթի վրա կարմիր ամրակով պատկերված Ասադի նկարը, միևնույն ժամանակ, համարվել է «Օրվա նկար»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ:










