Բեռլինում ներկայացվել է Հայաստանի մոդելը` որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում

13:18 • 07.04.17

Ապրիլի 6-ին Բեռլինում կայացել է «ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության ապագան» խորագրով Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումը:

Ֆորումին առաջին անգամ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից, Հայաստանից ֆորումին մասնակցել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Ֆորումի ընթացքում քննարկվել են ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ թվային տնտեսության բնագավառում: Ներկայացվել է Հայաստանի մոդելը` որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում: Բանախոսները առանձնահատուկ շեշտադրել են ԵՄ-ԵԱՏՄ շուկաների ստանդարտների համապատասխանեցման շուրջ համագործակցության կարևորությունը:

Ֆորումի ընթացքում ներկայացվել են նաև ԵԱՏՄ առաջնահերթությունները, միջազգային համագործակցության ուղղությունները և Իրանի հետ ներկայումս ծավալվող բանակցությունները` կարևորելով Հայաստանի` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկրի դերակատարությունն այդ գործընթացում: