Հրապարակվել է ԱՄՆ հրթիռակոծումից հետո սիրիական ավիաբազայում արված առաջին տեսանյութը
«Ռոսսիա-24» հեռուստաընկերությունը հրապարակել է ԱՄՆ հրթիռակոծության թիրախում հայտնված սիրիական «Շայրաթ» ավիաբազայում արված առաջին տեսանյութը, որը ցույց է տալիս հարձակման հետևանքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:
Նա նշել է, որ ամերիկացի զինվորականները հարվածից առաջ մի քանի անգամ զրուցել են ռուս գործընկերների հետ:










