Մերձմոսկովյան շրջանում «Մերսեդեսի» բեռնախցում մահացած հայտնաբերված հայերի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

13:03 • 07.04.17

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մի քանի դատվածություն ունեցող 35-ամյա ՀՀ քաղաքացու մասնակցությունը սպանությանը հաստատվել է քննիչների կողմից: Հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել կողմերի միջև ծագած վեճի հետևանքով:


Հիշեցնենք, որ օրերս հայտնի էին դարձել ՌԴ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Իրավապահների վարկածով՝ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են:


Փողոցներից մեկում կայանված ավտոմեքենան օրեր առաջ հայտնաբերել էր մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի էր թվացել, որ անծանոթ ավտոմեքենան երկար ժամանակ կանգնած է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն էր կանչել: Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան: Բեռնախցիկում նրանք տղամարդու երկու մարմին են գտել: Փորձագետները եկել են եզրակացության, որ սպանությունից առաջ նրանց խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:


Քննիչները վարկած են առաջ քաշել, որ դա եղել է պատվիրված սպանություն, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, ապա՝ գլխին: