ԱՄՆ-ի` սիրիական ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է 6 մարդ

11:51 • 07.04.17

Ապրիլի 6-ին ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 մարդ: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Նրանք հավելել են, որ ավիաբազայում կան նաև տուժածներ, սակայն չեն հայտնել վիրավորների թիվը:


Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ ԱՄՆ-ի «ագրեսիայի ակտը» խարխլում է ահաբեկչական խմբավորումների դեմ տարվող կառավարական զորքերի ջանքերը:

Նշվում է, որ սիրիացի զինվորականները դեռևս տվյալներ չեն տրամադրել ավիահարձակման հետևանքով ստացված նյութական վնասների մասին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը: