Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագրի գործողությունը
Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռազմաբազաներից մեկի վրա իրականացված ավիահարվածից հետո Ռուսաստանը դադարեցրել է ավելի վաղ Վաշինգտոնի հետ կնքած Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի գործողությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագրի գործողությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:
Բազմաթիվ երկրներ արդեն արձագանքել են միջադեպին՝ մի մասը քննադատելով, մյուսներն էլ ողջունելով այդ քայլը:
Ռուսաստանն ու Իրանը խստորեն դատապարտել են հարձակումը՝ այն որակելով «վտանգավոր և ապակառուցողական»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ տեղի ունեցածն «ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում»:
Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի քայլն էական վնաս կհասցնի առանց այդ էլ շատ վատ վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերություններին:
Մինչդեռ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին նշել է, որ նմանօրինակ միակողմանի հարվածները խստագույնս դատապարտվում են Իրանի կողմից:
Ավիահարվածին դրական արձագանք տված երկրների շարքում են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Թուրքիան, Իսրայելը, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Լեհաստանն ու Ինդոնեզիան:










