ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Մոսկվան նախապես տեղեկացված չի եղել Սիրիայի տարածքում հարձակման վերաբերյալ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ:
«Հարձակման վերաբերյալ Մոսկվայի հետ ոչ մի քննարկում չի եղել»,-ասել է Թիլերսոնը:
The Guardian-ը նկատում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը միանգամայն հակասում է Պենտագոնի հայտարարությանն առ այն, որ ամերիկյան կողմը հրթիռակոծությունից առաջ մի քանի անգամ զրուցել է ռուս զինվորականների հետ ու գաղտնազերծել իրենց ծրագիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:
Նա նշել է, որ ամերիկացի զինվորականները հարվածից առաջ մի քանի անգամ զրուցել են ռուս գործընկերների հետ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս հակասությունը կարող է ունենալ միայն մի բացատրություն. միգուցե, Թիլերսոնը նկատի ունի քաղաքական օղակների շրջանակում բանակցելը, իսկ Պենտագոնը՝ ռազմական:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:










