Ուկրաինան այլևս միացյալ Եվրոպայի մասնիկն է. Պորոշենկոն մեկնաբանել է Եվրախորհրդարանի ընդունած որոշումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, մեկնաբանելով երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին օրինագիծը, նշել է, որ վիզային ռեժիմի չեղարկումն ապացույցն է այն բանի, որ Ուկրաինան այլևս եվրոպական քաղաքակրթության մասնիկն է, տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
«Ուկրաինան այլևս միացյալ Եվրոպայի մասնիկն է՝ Լիսաբոնից մինչև Խարկով, և մենք կիսում ենք այդ արժեքները», - հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին օրինագիծը:
Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում:
Օրինագծի օգտին քվեարկել է 521 պատգամավոր, 75 հոգի քվեարկել է դեմ, 36-ը ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 28-ից ուժի մեջ է մտել Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմը: Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։










