Երևանում շղթայական ավտովթարի հետևանքով վնասվել է նաև էլեկտրասյունը. 2 մարդ հոսպիտալացվել է

09:21 • 08.04.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 8-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ժամը 00:05-ի սահմաններում ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են վտանգ ներկայացնող բաց մալուխներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում Subaru Forester մակնիշի 33 ST 365 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է Հ. Հ.-ին) բախվել է կայանված Opel մակնիշի 35 TQ 986 պետհամարանիշի ավտոմեքենային (պատկանում է Լ. Մ.-ին), այնուհետև՝ արտաքին լուսավորության չշահագործվող սյանը և շրջել այն: Opel մակնիշի ավտոմեքենան իր հերթին բախվել է կայանված Hyundai մակնիշի 34 QN 050 պետհամարանիշի ավտոմեքենային (պատկանում է Է. Ս.-ին):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Subaru Forester մակնիշի ավտոմեքենայից Կ. Հ.-ը և Ն. Մ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են Subaru Forester մակնիշի ավտոմեքենան: