Հպարտանում եմ նրանով. Իվանկա Թրամփն աջակցել է հոր՝ սիրիական ավիաբազային հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, աջակցել է հորը Սիրիայում ավիաբազաներից մեկին հարվածելու որոշման կայացման հարցում։ Նա հայտարարել է, որ հպարտանում է իր հայրիկով։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Այս ժամանակահատվածը, որում մենք ապրում ենք, բարդ որոշումների կայացում է պահանջում։ Հպարտանում եմ իմ հայրիկով մարդկության դեմ այս սարսափելի հանցագործությունների հետ չհամակերպվելու համար»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»:










