Նիգերիայում մենինգիտի համաճարակ է բռնկվել. զոհերի թիվը հասել է 438-ի 

23:23 • 08.04.17

Նիգերիայում մենինգիտի կասկածելի դեպքերից մահացած մարդկանց թիվը հասել է 438-ի, ինչով պայմանավորված իշխանությունները պատվաստման արշավ են սկսել` վերահսկելու համաճարակի բռնկումը:

Ինչպես հայտնում է Press TV-ն` մեջբերելով Նիգերիայի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալները, համաճարակի 3959 կասկածելի դեպք է գրանցվել երկրի 19 նահանգի տարածքում: Այդ դեպքերից 181-ը հաստատվել են լաբորատոր պայմաններում:

Նիգերիայում բռնկված մենինգիտ C-ի տեսակը հիվանդության հազվադեպ ձևերից է: Երկրում նախկինում արդեն ստիպված են եղել պայքարել մենինգիտի A տեսակի դեմ:

Ինչպես նշվում է, համաճարակի տարածման համար ամենախոցելի հատվածը 5-14 տարեկան երեխաներն են:

Նիգերիայի առողջապահության նախարարության տվյալներով` նույն համաճարակը տարածվել է հարևան երկրներում, ինչպիսիք են Նիգերը, Չադը, Կամերունը, Տոգոն և Բուրկինա Ֆասոն: