Ստոկհոլմում ձերբակալված անձին ահաբեկչության իրականացման վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել

12:24 • 08.04.17

Ստոկհոլմի կենտրոնում ապրիլի 7-ին ամբոխի վրա բեռնատարն ուղղելուց հետո ձերբակալված անձին ահաբեկչական ակտ իրականացնելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել, հայտնում է Radio Sweden-ը։


«Ինչպես ես եմ հասկանում՝ մարդը, ում մեղադրանք է ներկայացվել, ամենայն հավանականությամբ, բեռնատարի վարորդն է եղել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։


Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հարձակման համար կասկածվող անձն Ուզբեկստանի քաղաքացի է։


Ավելի վաղ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում ամբոխի մեջ բեռնատարով մխրճվելու համար կասկածվող անձի, ավելի ուշ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։