Ես սպասում եմ իմ երեխային․ Արցախյան պատերազմում անհայտ կորածի մայրը՝ կարպետագործության դասընթացին (տեսանյութ)

19:13 • 08.04.17

Երևանի բնակիչ Ծաղիկ Սաֆարյանը գորգ է գործում և Tert.am-ին պատմում, որ տղան՝ Արշակ Սողոյանը, 1995 թվականին է կորել, 18 տարեկանում Հայաստանի Հանրապետության կողմից զորակոչվել է բանակ, ուղարկվել է  Լեռնային Ղարաբաղ և այնտեղ էլ սահմանում ոչ հանգիստ լինելու հետևանքով անհայտ կորել: Այսօր էլ Ծաղիկ Սաֆարյանը մասնակցում է  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական կենտրոնում կազմակերպված բաց դասին, որտեղ ներկայացված են նաև իր գոբելենի և կարպետի աշխատանքները:

«Ես նման միջոցառումներից չեմ հրաժարվում, կարծես հենց իմ տղան ինձ հրավիրի: Եթե անգամ տանը հյուրեր եմ ունենում, ստիպված եմ լինում նրանց թողնել: Կարմիր խաչի ներկայացուցիչներն են ինձ հրավիրել: Ես ցանկացել եմ անպայման ներկա լինել: Ոնց որ իմ տղայի կողքին լինեմ»,- ասաց նա:

Նշենք, որ կազմակերպված նշյալ բաց դասին ներկայացված էին կարպետի և գոբելեինի նմուշներ, որոնք պատրաստվել էին Երևանի և Կոտայքի մարզի այն կանանց կողմից, որոնց միավորել է 1990-ականներին Արցախյան պատերազմում կորած հարազատ ունենալու ճակատագիրը:

Կարպետագործության վեցամսյա դասընթացը համար կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակներում:  Նման միջացառումն առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է: Հայաստանի այլ մարզերում գտնվող նման խնդիրներ ունեցող այլ ընտանիքները ևս նախկինում մասնակից դարձել են այս ծրագրին:

«Այս տարիքին չէի գա, ասեղնագործի: Բայց ինչ-որ վերաբերվում է տղայիս․․․ շնորհակալ եմ բոլորից»,- ասաց իր որդուն դեռ սպասող Ծաղիկ Սաֆարյանը՝ պատմելով, որ բազմաթիվ դիմումներ է գրել տարբեր գերատեսչություններ` տղային գտնելու հույսով, սակայն մինչ օրս բոլորից միայն  բացասական պատասխան է ստանում,- ես չգիտեմ, թե ինչ է եղել, ոնց է եղել, բայց ես սպասում եմ այդ երեխային»:

Գոբելենագործության և կարպետագործության դասընթացն անցկացրած  դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագետ Աղավնի Գազազյանն էլ նշեց, որ հարազատ կորցրած ընտանիքների անդամները մտերմացել են իրար հետ, դասերից դուրս էլ միասին տարբեր միջոցառումների են մասնակցում: «Իրենք շատ լավ են ստեղծագործել, շատ հետաքրքիր: Կարծում եմ, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ճիշտ է արված՝ դասընթացը, կազմակերպվածությունը և այլն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցներն իրենց աշխատանքերում ընտրել են ամենավառ գույները: «Չնայած իրենց վշտին, իրենց կորստին, իրենց մութ տարածքին, իրենք ընտրում են վառ գույներ, ինչը հույսի նշան է: Իրենք մինչև այսօր սպասում են իրենց հարազատին»,- ասաց նա: