Շվեդիայի ոստիկանությունը չի հաստատել ահաբեկչության վայրում պայթուցիկով լի պայուսակի հայտնաբերման մասին տեղեկությունը

13:46 • 08.04.17

Ստոկհոլմի ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել տվյալներն այն մասին, որ քաղաքի կենտրոնում ամբոխի մեջ մխրճված բեռնատարի զննության ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկով լի պայուսակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շվեդական SVT հեռուստատեսությունը:


Այդ պայուսակի հայտնաբերման մասին շվեդական հեռուստատեսությանը հայտնել են ոստիկանությունում անմիջապես մի քանի աղբյուր:


Հեռուստատեսության տվյալներով՝ պայուսակում հայտնաբերվել է տնային պայմաններում պատրաստված պայթուցիկ սարք, որը չի պայթել ահաբեկչության ժամանակ:


«Ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել այդ տվյալները»,- հայտնում է շվեդական հեռուստատեսությունը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստոկհոլմում ամբոխի մեջ մխրճված բեռնատարի զննության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները պայթուցիկով լի պայուսակ են գտել:


Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 7-ին ամբոխի վրա բեռնատարն ուղղելուց հետո ձերբակալված անձին ահաբեկչական ակտ իրականացնելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել։


Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հարձակման համար կասկածվող անձն Ուզբեկստանի քաղաքացի է։


Ավելի վաղ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում ամբոխի մեջ բեռնատարով մխրճվելու համար կասկածվող անձի, ավելի ուշ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։