Սիրիական օդուժն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել է «Շայրաթ» ավիաբազայից թռիչքները

14:50 • 08.04.17

Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են «Շայրաթ» աերոդրոմից թռիչքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Սու-22 ռազմական ինքնաթիռը դուրս է եկել Հոմսի արվարձանում գտնվող «Շայրաթ» աերոդրոմից մարտական առաջադրանք կատարելու»,- հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգները լույս ապրիլի 7-ին թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»: