Մեզ լավություն չեն արել չմասնակցելով. Արարատ Միրզոյանը` ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի` չմասնակցելու մասին

21:13 • 10.04.17

«Ելք» դաշինքից խորհրդարան անցած Արարատ Միրզոյանը գտնում է, որ առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մրցակցությունը չի տուժի նրանից, որ երեք ուժ է մասնակցում: «Հավանական եմ համարում, որ մյուս բոլոր ուժերը, որոնք Ազգային ժողովի ընտրություններին հավաքել էին քիչ տոկոս ձայներ, վերլուծել են և ուսումնասիրել են Երևանում ստացած արդյունքները և հանգել են այն եզրակացության, որ իրենք լուրջ հնարավորություններ չունեն և ավագանու ընտրություններին չեն առաջադրվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Հանրապետական» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ գրեթե ամեն ինչ սև ու սպիտակի է հասցված` կա «Հանրապետական» կուսակցությունը և կա «Ելք» դաշինքը: «Ամեն ինչ շատ պարզ է. Կան վատերը և կան լավերը, կան վատ կառավարիչներ և լավ կառավարիչներ, կան կոռուպցիայի կրողներ և կան մաքուր ուժեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի»-ի մասնակցությանը` նա ասաց.«Զարուհի Փոստանջյանին մենք առաջարկել էինք մեր ցուցակի բարձր հորիզոնականներից մեկը զբաղեցնել, ինչպես նաև առաջարկել էինք Ազգային ժողովի ընտրություններին ընդգրկվել ցուցակում, սակայն այս անգամ ևս նա մերժել է և մեկնաբանությունները ու պատճառները իրենից կարող եք հարցնել: Ես չեմ հասկանում Զարուհի Փոստանջյանի մոտիվները, պատճառները, մոտեցումները»,-ասաց նա:

Անդրադառնալով մասնավորապես «Ծառուկյան» դաշինքի չմասնակցությանը` Արարատ Միրզոյանն ասաց, որ եթե նրանք մասնակցեին և ինչ-որ քանակի ձայներ ստանային, ապա հնարավոր կլիներ միանային «Ելք»-ին և գոնե Երևանում իրականացվեր իշխանափոխություն ու ՀՀԿ-ից վերցվեր քաղաքապետի  պաշտոնը:

«Այստեղ «Ծառուկյան» դաշինքը փակուղու առաջ էր կանգնելու, այսինքն` կամ միանալու էին մեզ և իշխանափոխություն էին անելու, կամ չէին միանալու և բացահայտելու, որ ընդդիմություն չեն: Ես կարծում եմ, որ նրանց չմասնակցելու հնարավոր պատճառներից մեկը կարող է սա լինել: Չմասնակցելու պարագայում «Ծառուկյան» դաշինքի պոտենցիալ ձայների մի զգալի ճնշող մեծամասնությունը հավակնում ենք մենք վերցնել, բայց կա երկրորդ կողմը, որ պաշտոնապես չմասնակցելով՝ դաշինքի շատ ներկայացուցիչներ համոզված եմ, որ ընտրարշավի ընթացքում տեղերում աջակցություն են ցուցաբերելու Հանրապետականներին: Այնպես չէ, որ մեզ լավություն են արել չմասնակցելով»,-ասաց նա: