Աբովյանի ԲԿ տեղափոխված 7 քաղաքացիները չեն ունեցել ո՛չ սննդային, ո՛չ շմոլ գազից թունավորում, ո՛չ որևէ կլինիկական ախտանիշ. ԲԿ
Քաղաքացիները, որոնք ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, սննդային թունավորում ախտանիշով Բյուրեղավանից շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, «պրակտիկապես առողջ են եղել» և զրույցներից հետո դուրս են գրվել:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Աբովյանի բժշկական կենտրոնի ադմինիստրացիայից:
«Հիվանդներից ոչ մեկի մոտ որևէ պաթոլոգիկ վիճակ չի եղել, սննդային թունավորման որևէ ախտանիշ, ոչ էլ շմոլ գազից թունավորում: Իրենց հետ զրուցեցինք և ակնհայտ էր , որ ոչ մի պաթոլոգիկ իրավիճակ չկար: Առհասարակ, անհայտ իրավիճակ էր, մանավանդ, որ չէր կարող թունավորումը լինել մածնաբրդոշից»,-հայտնեց Մանուկյան ազգանունով ներկայացած աշխատակիցը:
Ըստ վերջինիս՝ հիվանդները հայտնել են, որ իրենք կրոնական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչներ են:
Ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 9-ին, ժամը 1.10-ին, շտապօգնության բրիգադից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1952 թ. ծնված Օվսաննա Բ.-ն, 1989 թ. ծնված Մագդա Բ.-ն, 1985 թ. ծնված Աբրահամ Բ.-ն, 1992 թ. ծնված Անգելինա Բ.-ն, 1997 թ. ծնված Էլբրետա Բ.-ն, 1995 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Գալինա Բ.-ն:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, տանը վարունգով մածնաբրդոշ են պատրաստել և կերել, որից հետո ինքնազգացողությունները վատացել է և ահազանգել են շտապօգնություն:










