Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ՀՀ քաղաքացիներից նեղացած մարդու խոսք է. Էդմոն Մարուքյան
«Ելք» դաշինքը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից և որևէ այլ ուժի կողմից չի կարող վերահսկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ լեգիտիմ է այն ընդդիմությունը, որը խորհրդարան ներկայացված չէ, ինչպես նաև ասել էր, որ «Ելքը» վերահսկվող ընդդիմություն է:
Անդրադառնալով Զուրաբյանի հայտարարություններին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքացիներն են որոշում՝ ով լինի խորհրդարանում. «Լևոն Զուրաբյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նեղացած մարդու հայտարարություն է: Երբ որ 5 տարի առաջ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան էր անցել, այն ուժերը, որոնք խորհրդարան չէին անցել, չէին ասում՝ ՀԱԿ-ը վերահսկվող է»,- նկատեց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե խորհրդարան ներկայացված ընդդիմությունը լեգիտիմ չէ, Մարուքյանը նշեց. «122 049 ՀՀ քաղաքացի իր ձայնը տվել է «Ելք» դաշինքին: Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր լեգիտիմությունը»:










