Նոր ԱԺ–ի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չդիմի ՍԴ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

14:16 • 10.04.17

Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Այսօր այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

«Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և 6 հանձնաժողով, և 12, բայց կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի», -նշեց նա:

Նրա խոսքով՝ Օրենսդիր մարմնում գործող մի երկու հանձնաժողովներ կկրճատեն։ Թոմվասյանը ենթադրում է, որ կրճատվող հանձնաժողներն, ամենայն հավանականությամբ, կլինեն Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:  

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև նկատեց, որ համաձայն Սահմանադրության` նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա: «Կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն: 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում», – եզրափակեց Հրայր Թովմասյանը:

ՀեղինակԱնի Օհանյան