Աչք է ծակում, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի չմասնակցելը պայմանավորվածություն է. քաղտեխնոլոգ
Երևանի ավագանու ընտրություններին եթե խորհրդարան չանցած ուժերի չմասնակցելը տրամաբանական էր, ապա անցած երկու ուժերի՝ «Ծառուկյան դաշինք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հրաժարվելը, ըստ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Հայկ Կիրակոսյանի, ունի մեկ բացատրություն՝ իշխող ուժի հետ պայմանավորվածության արդյունք է:
«Ծառուկյան դաշինքի և Դաշնակցության չմասնակցելու պատճառը կարող է լինել որոշակի համաձայնության ու պայմանավորվածության գալը: Միանշանակ այստեղ պայմանավորվածություն կա իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և Դաշնակցության միջև, որոնք բնավ ընդդիմադիր քաղաքական ուժեր չեն, ինչպես գիտենք՝ ՀՅԴ-ն իշխանամետ, իսկ ԲՀԿ-ն՝ չեզոք ուժ է, մենք համոզվելու կարիք էլ չունենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ պայմանավորվածության փաստն արդեն աչք է ծակում: «Մենք տրամաբանական հիմնավորում չենք լսել Ծառուկյան դաշինքից կամ ՀՅԴ-ից, թե ինչու են ուզում իրենք պառլամենտում լինել, իսկ ավագանու կազմում չեն ուզում լինել: Չենք մասնակցի ասելը ոչինչ չասելու համարժեք է»,-ասաց նա:
Իսկ նվազագույն շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի՝ չմասնակցության մասին հայտարարությունների փոխարեն, ըստ նրա, ավելի սրամիտ կլիներ ուղղակի լռել:
«Հիմա Ազատ դեմոկրատները ասեն, թե մյուսները, որ չենք մասնակցի, ժողովրդական խոսք եմ հիշում, որ տիպիկ բնութագրում է իրավիճակը, որ ասում են՝ քամին մեռավ ցրտից: Վստահեցնում եմ, որ ժողովուրդն առանձնապես նյարդային տվայտանքների մեջ չի ընկնի, եթե այն կուսակցություններ, որոնք չկարողան անգամ նվազագույն շեմը հաղթահարել, չմասնակցեն ավագանու ընտրություններին»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ելք» դաշինքին և Զարուհի Փոստանջյանի հիմնած քաղաքական ուժին՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, ապա քաղտեխնոլոգը նշեց, որ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը, իհարկե, «Ելք» դաշինքն է։
«Փոստանջյանի քաղաքական ուժում մեկ դեմք կա, որին հանրությունն ընկալում է, դա Զարուհին է, իսկ «Ելք»-ի պարագայում քաղաքական ֆիգուրներն ավելի շատ են և մրցակցությունը, եթե լինի, ընթանալու է Ելքի և ՀՀԿ-ի միջև»,-ասաց նա:
Նա չի կարծում, որ երկու ընդդիմադիր ուժերի մասնակցությունն ընդդիմության ձայները տրոհում է: «Ընդդիմության ձայները, չեմ կարծում, որ տրոհվում են, որովհետև Զարուհին դժվար կարող է իր անհայտ գործիչներով ձայներ տանել: Չբացառենք նաև, որ իրենք կարող են ինչ-որ պահի միասին հանդես գալ»,-ասաց նա:
Նա, այդուհանդերձ, չբացառեց, որ կարող է ավելի թեժ լինել, և նույնիսկ անակնկալներ լինեն: «Ելքն իր ռեսուրսները դնելու է որոշակի օղակներ զբաղեցնելու համար, ստացվում է, որ համաձայնության, պայմանավորվածության գալու փորձերը չեն ստացվել, ու այստեղ պայքար է լինելու»,-ասաց նա:










