Մեկ այլ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է զոհերին. ապրիլյան պատերազմի մասնակից (տեսանյութ)
Այսօր Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրված՝ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին նվիրված հուշաքար-խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցվեց հերոսների հիշատակին:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։
Միջոցառմանը ներկա էին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներ և ուսանողներ:
«Ամեն տարի պարտավոր ենք այստեղ հարգել ու հիշել այդ հերոս տղաների հիշատակը: Առանձնահատուկ և տպավորիչ է այն, որ քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդներն իրենք են հիշում իրենց մարտական ընկերներին»,- ասաց Կարեն Ավագյանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանն էլ նշեց, որ պատերազմի մասնակիցների համար մեկ այլ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է իրենց զոհված ընկերներին:
«Նման հուշարձանների տեղադրումն էլ երիտասարդ սերնդին դաստիարակելու միջոց է, որ տեսնեն, թե ինչպես են իրենց տարիքի և իրենցից փոքր երիտասարդները դարձել հերոսներ»,- հայտնեց Բադալյանը:
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին նվիրված հուշաքար-խաչքար տեղադրվել է 2016 թ. մայիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից:










