Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել

16:45 • 10.04.17

Մոսկվայում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիայից հետո ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել: Այդ մասին հայտնել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը, գրում է meduza.io-ն:


Նավալնին դատապարտվել էր 15-օրյա վարչական կալանքի մարտի 26-ին տեղի ունեցած բողոքի խոշոր ակցիայի ժամանակ ոստիկանությանը դիմադրելու համար:


Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 20 հազար ռուբլու (մոտ 350 դոլար) չափով:


Բողոքի ակցիայի ժամանակ Նավալնիի աջակիցները բողոքել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ:


Նավալնիի հրավիրած բողոքի ակցիան կանխել է ոստիկանությունը՝ կատարելով ռեկորդային թվով ձերբակալություններ: Մոնիթորինգային խմբերի հաղորդմամբ՝ ձերբակալվել է 1030 մարդ:


Ակցիայից առաջ համացանցում էր հայտնվել Նավալնիի ֆիլմ-հետաքննությունը, որտեղ նա պնդում էր, որ Մեդվեդևը ոչ առևտրային կազմակերպությունների ցանցի միջոցով Ռուսաստանում և արտասահմանում բազմաթիվ շքեղ անշարժ գույքի սեփականատեր է հանդես գալիս: