Սիրիան կդադարի որպես պետություն գոյություն ունենալ, եթե գործող իշխանությունը հեռանա. երկրի փոխարտգործնախարար
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն, եթե գործող իշխանությունը հեռանա, այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մենք միշտ ասել ենք, որ Սիրիան առանց այս կառավարության ու նախագահի կպառակտվի, այս պետությունն ու նրա ինստիտուտները կդադարեն գոյություն ունենալ», - ասել է սիրիացի պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ նա ասել է նաև, որ Թուրքիան պահանջել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում սիրիական ճգնաժամի հարցով դռնփակ ժողով հրավիրվի: Ըստ նրա՝ թուրքական կողմը չի ցանկանում, որ լրատվամիջոցներն իմանան Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի իրական դիրքորոշման մասին:
Հայտնի է նաև, որ արդեն ծրագրվում է գաղտնի ժողովն անցկացնել ապրիլի 18-19-ը՝ Աստանայում սիրիական խնդրի շուրջ մայիսի 3-4-ին կայանալիք հավաքին ընդառաջ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ:










