«Ելք»–ը վերահսկվող ընդդիմություն է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում լրագրողների շնորհակալություն հայտնեց 5 տարիների համագործակցության համար։ Նա գտնում է, որ այս տարիների ընթացքում լրագրողների և իրենց պատգամավորի որոշ բախումները, բխել են ժողովրդավարությունից։
«Եղել են պահեր, որ մենք իրար բզկտել ենք կամ ինչ-որ հարվածներ են հասցրել, բայց դա բնական ընթացք է` ոչ ժողովրդավարական երկրում ժողովրդավարության դրսևորում։ Իսկ մնացածն, ինչպես ասում է դասականը, «այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած, սակայն անցողիկ ձայներ չհավաքած ուժի ներկայացուցիչ անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն և ասաց, թե իրենք հույս ունեին, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, ինչը, սակայն, չստացվեց։
«Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունները նախագահական ընտրությունները հեռացրել են մեր Սահմանադրությունից։ Մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա Ազգային ժողովն է դա որոշելու, և ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց, իսկ եթե ԱԺ ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երևանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»,– ընդգծեց Զուրաբյանը։
Վերջինս շեշտեց, որ, խորհրդարանական ընտրությունների փորձից ելնելով, չմասնակցելն ավելի նպատակահարմար էր.«Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկչությունը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումը, մենք դա չենք անում: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք կարևորագույն քայլ»,-նկատեց նա:
Զուրաբյանը նկատեց, որ իրենց քննադատում էին 4+4+4 ձևաչափի համար, սակայն չհամաձայնեց հնչած տեսակետների հետ։ Նա մատնանշեց, որ իրեն՝ ԸՕ–ի շուրջ իշխանության հետ համագործակցության արդյունքում, հաջողվեց ընտրությունների ընթացքում տեսանկարահանել տեսախցիկներով։
«Խախտումներն ահավոր են, շատ են, սուտ է, որ տեղամասերում չեն եղել խախտումներ»,-ասաց նա ու հավելեց, որ դեռևս դիմել են ԿԸՀ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, ապա ԿԸՀ-ի որոշումից հետո հնարավորություն կլինի դիմել Սահմանադրական դատարան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում, սակայն ընտրությունների արդյունքների վրա ազդող գլխավոր բաղադրիչ, ըստ նրա, դա չէ եղել: «Ժողովրդին ուղղակի ահաբեկել են, գործադրվել է վարչական ռեսուրս: Իրականում ժողովուրդը պարտադրված է եղել գնալ և քվեարկել իրենց հրամայված կոնկրետ թեկնածուի օգտին»,–ընդգծեց Լևոն Զուրաբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ շատ անգամ լեգիտիմ է այն ընդդիմությունը, որը խորհրդարան ներկայացված չէ։ Հարցին՝ «Ելք»–ին վերահսկվող ընդդիմությո՞ւն եք համարում , Զուրաբյանը պատասխանեց.«Դուք ասացիք, հիմա գնացեք ճշտեք, բայց շատ ճիշտ հասկացաք»։










