Աշխարհում մահապատիժների թիվը մեկ երրորդով նվազել է. Amnesty International

12:45 • 11.04.17

2016 թվականին, 2015 թվականի համեմատ, աշխարհում մահապատիժների թիվը 37 տոկոսի անկում է գրանցել: Այս մասին հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Անցած տարի կյանքի է կոչվել 1032 մահապատժի դատավճիռ, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ մահապատժի է ենթարկվել 1634 մարդ: Մահապատիժների թվի նվազումը տեղի է ունեցել առաջին հերթին Իրանի և Պակիստանի հաշվին:


Հաշվարկների ժամանակ հաշվի չեն առնվել Չինաստանում մահապատիժները, քանի որ այդ երկրի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ենթադրվում է, որ Չինաստանում մահապատժի է ենթարկվել ավելի շատ մարդ, քան բոլոր մնացած երկրներում միասին վերցրած:


2006 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժների առավելագույն թվով հինգ երկրների ցանկում չի հայտնվել ԱՄՆ-ն: Այժմ մահապատիժների ամենամեծ թվով երկրներն են Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը և Պակիստանը:


Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մահապատիժը գործում է միայն երկու երկրում՝ Բելառուսում և Ղազախստանում:


Այժմ մահապատիժները վերացված են 104 երկրներում: Համեմատության համար՝ 1997 թվականին այդ երկրները միայն 64-ն էին: