Արագածոտնում 52-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ 10-ից ավելի կրակոցի հետքերով. փախուստի դիմած կասկածյալը վթարի է ենթարկվել

14:23 • 11.04.17

Ապրիլի 10-ին ժամը 23:40-ին Աշտարակ ԲԿ-ից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ քաղաքի վերջնամասում տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:


Մեկնած օպերատիվ խումբը քաղաքի հողակտորներից մեկի վագոն տնակում հայտնաբերել է 1965 թվականին ծնված մի տղամարդու դի` հրազենային վնասվածքով, իրականացվում են քննչական աշխատանքներ:


Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն է։

Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։

Shamshyan.com- փոխանցմամբ՝ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «07»-ով, որը պատկանում է սպանվածին, սպանության վայրից դիմել է փախուստի և հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի է ենթարկվել՝ բախվելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի 82 շենքի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Ավագյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 35 OD 180 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ավետիս Հովհաննիսյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 DO 600 համարանիշի ավտոմեքենաներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։