ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով քննչական մարմնի կայացրած բոլոր որոշումները. իրավապաշտպան

22:57 • 11.04.17

 

2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում հրազենային վնասվածքից մահացած հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան  գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել՝ կոմունիկացնել  գործը:  Այսինքն՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ պահանջելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան, զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ը ուշադրության  կենտրոնում է պահում գործում  առկա ակնհայտ անօրինական գործողությունները:

Իրավապաշտպանը մանրամասնեց, որ կառավարությունը 16 օրվա ընթացքում  պետք է  պատասխանի մի շարք հարցադրումների, ինչպես նաև ՄԻԵԴ-ը կառավարությունից խնդրել է տրամադրել տվյալ գործով քննչական մարմնի կայացրած բոլոր որոշումները։ ՄԻԵԴ-ը խնդրել է տրամադրել նաև թիվ N զորամասի զինծառայողների՝ 2010թ․հուլիս և օգոստոս ամիսներին կարգապահական մեկուսացման մասին փաստաթղթային ապացույցները՝ հրամանների պատճեներ, մեկուսացման գրություններ և այլն:

Ռուբեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ  Արտակ Նազարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը):  Քրեական գործով  Հակոբ Մանուկյանը դատապարտվել է 13 տարվա, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանին և Մխիթար Մխիթարյանը` 4-ական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը` 2 տարվա ազատազրկման: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել:  Արտակ Նազարյանի հարազատներն էլ շարունակում են պնդել, որ նա ինքնասպան չի եղել. սպանել են:

Ռուբեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նախաքննական մարմինը գործի հենց սկզբում  «հանցագործություններ» է կատարել:

«Նախաքննական մարմինը կատարել է հետևյալ հանցագործությունը՝ գործով անցնող բոլոր 11 վկաներին առաջին իսկ օրը ժամեր հետո տեղափոխել է Բերդ քաղաքի ռազմական ոստիկանության բաժին և այնտեղ պահել է 10-27 օր։ Սա ծանր հանցագործություն է. անձին, վկային ազատությունից զրկել են, մեր և պաշտպանվող կողմի բոլոր պահանջները, հարցադրումներն այն մասին, թե ինչու են զինծառայող վկաները 10-27 օր պահվել ոստիկանությունում, մնացին անպատասխան։ Մեզ ուղարկվեց հետին թվով ձևակերպված խզբզոց, որ այս զինվորը այսքան է պահվել, այն զինվորը՝ այսքան, բայց այդպես էլ չներկայացվեց հիմնավորում՝ ում հրահանգով և ինչի հիման վրա է պահվել: Եվրոպական դատարանն այս հարցով ևս  պարզաբանում է  պահանջել»,- ասաց իրավապաշտպանը:

Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատարանը չեն պատասխանել 5 կարևոր  հարցի՝ ե՞րբ է տեղի ունեցել դեպքը, որտե՞ղ, կոնկրետ սպանությունը ո՞ր զենքով է կատարվել , ովքե՞ր են  մարդասպանները, շարժառիթը ո՞րն է եղել:

«Դեպքի վայրը փոխվեց, մարդասպանի զենքը փոխվեց, տեղը դրեցին զոհի զենքը, Նազարյանին 120 փամփուշտ էին հատկացրել, փամփուշտները տեղում էին սպանությունից հետո: Կան մի քանի տասնյակ փաստեր, որ Նազարյանին սպանել են, դեպքից  6 ժամ առաջ Նազարային ծեծել և խոշտանգել են, փորձաքննության արդյունքներ կան, չեն ասում՝ ով կամ ովքեր են եղել ծեծողները»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Նա նաև նշեց, որ մեկ այլ կարևոր հանգամանք է գործում անտեսվել. տուժող կողմը պարբերաբար բարձրաձայնում էր հրամանատար  Գագիկ Ուդումյանի անունը` որպես կատարվածում ներգրավված անձի։  

«Ուդումյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել Նազարյանի հետ, փոխադարձաբար հայհոյանքներ են տվել, և նա խոստացել է, իբր, առավոտյան գալ և Նազարյանի հարցերը լուծել: Ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատարանը չփորձեց պարզել, թե ի՞նչն էր այդ փոխադարձ ատելության, փոխադարձ հայհոյանքների պատճառը»,- շեշտեց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ անտեսվում է նաև այն, որ ծառայության ժամանակ խնջույք է կազմակերպվել, որի ընթացքում ալկոհոլ է օգտագործվել, ալկոհոլ  օգտագործած է եղել նաև  Նազարյանը, ուստի հետմահու փորձաքննության արդյունքները չեն կարող վստահելի լինել: