Ձերբակալվել է քաղաքացին, ով «Գաջի գործարանի» մոտ տեղի ունեցած վթարից հետո քարերով հարվածել էր ոստիկաններին ու ԱԻՆ աշխատակիցներին

11:05 • 11.04.17

Երեկ՝ ապրիլի 10-ին, «Թոխմախի» գերեզմանատնից «Գաջի գործարան» տանող ճանապարհահատվածին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած երիտասարդի ընկերը՝ Ա.Շ-ն, և դեպքի վայրում մի քանի երիտասարդներ սկսել են քարերով հարվածել օգնության եկած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։ Հարվածների հետևանքով վնասվել են Ճանապարհային ոստիկանության և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում կատարողը՝ Ա.Շ-ն, բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ապա՝ ձերբակալվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատնից դեպի «Գաջի գործարան» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել էր, որ «BMW X5» մակնիշի 34 MZ 227 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են 1993 թ. ծնված Ա. Դ.-ի դին, իսկ 1991 թ. ծնված Գ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: