Հրթիռային հարվածը ոչնչացրել է սիրիական ռազմական ավիացիայի 20 տոկոսը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը գնահատել է Սիրիայում ամերիկյան հրթիռային հարվածներից կորուստների մասշտաբը: Նրա տվյալներով՝ սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ թևավոր հրթիռների հարվածի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել է սիրիական ռազմական ավիացիայի 20 տոկոսը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլի 7-ին ԱՄՆ զինվորականները Հոմս շրջանում «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ 59 թևավոր հրթիռ են արձակել:
Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները հաջորդ անգամ «լավ կմտածեն մինչև քիմիական զենք օգտագործելը»:
Այս պահին սիրիական ավիացիան հնարավորություն չունի օգտագործել «Շայրաթ» բազան ռազմական ինքնաթիռների վերալիցքավորման համար, ասել է Մետիսը:
Ավելի վաղ այդ ավիաբազայից դուրս եկած ինքնաթիռներն օդային հարված են հասցրել Իդլիբ շրջանում Խան-Շեյխուն քաղաքի ուղղությամբ, ենթադրաբար՝ քիմիական զենքի կիրառմամբ, ինչի հետևանքով զոհվել է 89 մարդ:
Սպիտակ տանն ապրիլի 10-ին հայտարարել են, որ Սիրիայի ուղղությամբ ամերիկյան հարվածները կարող են կրկնվել, եթե կրկին օգտագործվի քիմիական զենք:
Պաշտոնական Դամասկոսը հերքում է քիմիական հարձակմանը ներգրավվածությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պնդում են, որ ԱՄՆ-ի հրթիռային հարվածն արդյունավետ չի եղել: Գերատեսչության տվյալներով՝ միայն 23 ամերիկյան հրթիռ է հասել թիրախին:
Կրեմլում Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ հրթիռային հարվածն անվանել են «ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ»:










