Ապրիլին զոհված զինծառայողի հայրը պաշտպանության նախարարից հանդիպում է խնդրում. մոտ օրերս նրան կընդունեն

21:57 • 11.04.17

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի դիրքերում զոհված Գևորգ Վարդանյանի հայրը 2017 թվականի հունվարի 12-ին դիմել և հանդիպում է խնդրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, սակայն մինչ այսօր նրա համար ընդունելություն չեն կազմակերպել։

Գևորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընդամենը մեկ անգամ զանգ է ստացել, որով նրան փոխանցել են, թե իր դիմումն օրակարգից դուրս չի եկել և խոստացել են հանդիպումն ի վերջո կազմակերպել։

«Մինչև հիմա հանդիպում չկա, որևէ մեկը չի զանգել, ասել, թե ինչի»,– ասաց Վարդանյանը։

Գևորգի հայրը պաշտպանության նախարարի հետ ցանկանում է քննարկել որդու պարգևատրման հարցը։ Ապրիլի 3-ին Թալիշի դիրքերում զոհված Գևորգ Վարդանյանը հետմահու ստացել է «Արիության մեդալ», սակայն հայրը կարծում է, որ իր որդին և նրա հրամանատար Հրաչ Գալստյանը պետք է «Մարտական խաչ» ստանան։

«Նրանք երկուսն էլ մի սնարյադից են մահացել, մինչև վերջ կռվել են, հետ չեն նահանջել»,– շեշտեց Գագիկ Վարդանյանը։

Բայց սա Գագիկ Վարդանյանին անհանգստացնող միակ խնդիրը չէ՝ նա նաև առողջական խնդիրներ ունի՝ ողնաշարի 2 ճողվածք, ողնաշարի դիսկերը մաշված են և այլն, ինչը նրան թույլ չի տալիս աշխատել։

«Զինկոմը 30 հազար թոշակ է տալիս, բայց ես ուզում եմ նախարարի հետ խոսեմ, այս խնդիրն էլ ներկայացնեմ, քանի որ չեմ կարողանում աշխատել»,-նշեց նա։

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողը ծնվել է 1996 թվականին Գյումրիում, արդեն 6 տարեկան հասակում լքել է հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Գևորգի հայրը պատմում, թե որդին ընդամենը 2 անգամ է եկել Հայաստան, իսկ երկրորդ այցի ժամանակ մեկնել է զինվորական ծառայության։

«Էդ երեխեն հայրենիք տեղն էլ չի իմացել, հայերեն գրել, կարդալ չգիտեր, բայց եկավ ծառայության։ Որպես ծնող ես իրան փորձել եմ բացատրել Ղարաբաղի վիճակը, ասել, որ վտանգավոր է, բայց ինքը հետ չգնաց։ Նա ասաց, որ չի փախնելու ու գնաց բանակ։ Ինքն ու իր հրամանատարն ամենամունդառ տեղն են ընգել, բայց մինչև վերջ կռվել են, իսկ հիմա սենց անտարբերություն»,-շարունակեց Գագիկ Վարդանյանը։

Խնդրի հետ կապված Tert.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից, որտեղից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 12-ի դիմումին պատասխան են տվել մարտի 17-ին։ Գևորգ Վարդանյանի հոր՝ Գագիկ Վարդանյանի դիմումը Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Ավելին՝ մեզ վստահեցրին, որ մոտ օրերս հանդիպումը կկազմակերպվի, իսկ փոքր-ինչ ուշացվել է, որովհետև խնդիրը բավականին լայն էր։

Ապրիլին Թալիշի դիրքերում զոհված Գևորգ Վարդանյանը ՌԴ-ում ուսանող էր՝ գազաֆիկացման գծով մասնագետ, 2015 թվականի հունվարի 24-ին անցել է զինվորական պարտադիր ծառայության։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ հակառակորդի արկակոծությունից։

 

ՀեղինակԱնի Օհանյան