24 տարի առաջ ազատազրկված նախկին զինծառայողը չի ներկայացվի պայմանական ազատման
Վերաքննիչ դատարանը 24 տարի առաջ ազատազրկված նախկին զինծառայող, ցմահ 2-րդ կարգի հաշմանդամ, ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի պաշտպանի միջնորդությունը մերժվել է, և նա չի ներկայացվի պայմանական ազատման:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
«Վերաքննիչ միջնորդություն էի ներկայացրել, որը մերժվեց, սակայն մերժման հիմքերը դեռ չեմ ստացել»,-ասաց Ռևազյանը:
Փաստաբանը հայտնեց, որ ապրիլի 4-ին նշանակված է եղել դատական նիստ, ինչի պատճառով Վահագն Մարուքյանին «Արթիկի» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն նրա ներկայությունը չապահովելու պատճառով դատական նիստը չի կայացել:
«Այնուհետև երեկվա դատական նիստին նրա ներկայությունն ապահովվել է, սակայն 35 րոպե ուշացումով, իսկ Վահագն Մարուքյանին դատարան են բերել սայլակով: Նա առողջական խնդիրներ ունի»,-ասաց Ռևազյանը:
Հարցին, թե Վահագն Մարուքյանը պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի՞, փաստաբանն ասաց, որ իր կարծիքով նման խնդիրներ կան. «Ես կասկածներ ունեմ, որ Մարուքյանը պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրն ունի: Այս ուղղությամբ մասնագետների հետ աշխատանքներ են տարվում»:
Հիշեցնենք, որ Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Նա կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: Մարուքյանը դատապարտվել է մահապատժի, իսկ 2003թ.-ից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:










