Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության գործով ձերբակալված բոլոր կասկածյալները Կենտրոնական Ասիայից են

15:13 • 11.04.17

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը խոսել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց մասին:

Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ մինչ օրս ձերբակալվել է գաղտնի ահաբեկչական խմբավորումների ճյուղավորումների 8 անդամ, նրանցից երկուսը հայտնաբերվել են Մոսկվայում: Հայտնի է, որ նրանք բոլորն էլ Կենտրոնական Ասիայից են:

Նշվում է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք: Ռուսական հատուկ ծառայություններն այժմ շարունակում են փնտրել ահաբեկչության կազմակերպիչներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։