G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարները ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների որոշում չեն կայացրել

16:12 • 11.04.17

«Մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) երկրների արտաքին գործերի նախարարներն Իտալիայի Լուկա քաղաքում հրավիրված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշում չեն կայացրել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, գրում է Reuters գործակալությունը:


Որոշ լրատվամիջոցներ էլ պնդում են, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցն առհասարակ չի քննարկվել հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպման ընթացքում պահանջել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացում: Բրիտանացի նախարարը պնդել է, որ G7-ի երկրները համատեղ հայտարարությամբ հանդես գան, որով կպահանջեին Ռուսաստանից պաշտոնապես հրաժարվել Բաշար ալ Ասադին սատարելուց: 

Ֆրանսիայի արտգործնախարար Էյրոն հանդիպումից հետո նշել է, որ G7-ի անդամ երկրները համամիտ են այն հարցում, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի կարող կազմել այդ երկրի ապագայի մի մասը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման առաջին քայլը պետք է լինի կրակի դադարեցումը: