Վենեսուելայի մայրաքաղաքում ընդդիմության ցույցի ժամանակ մոտ 60 մարդ է տուժել

09:15 • 11.04.17

Առնվազն 57 մարդ վնասվածքներ է ստացել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության հերթական ցույցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Հաղորդվում է, որ տուժածների մեծ մասը թունավորվել են արցունքաբեր գազից, որը նրանց դեմ կիրառել են ոստիկանները: Եվս մի տղամարդ ստացել է գանգուղեղային վնասվածք:


Նշվում է, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվանզ 18 մարդ:


Դա արդեն մեկ շաբաթվա ընթացքում Կարակասում ընդդիմադիր ուժերի չորրորդ ցույցն էր: Նրանք բողոքում են Գերագույն դատարանի որոշման դեմ, որը կտրուկ սահմանափակել է ընդդիմադիր խորհրդարանի լիազորությունները: Որոշումներն արդեն չեղյալ են հայտարարվել, ընդդիմությունն այժմ պահանջում է երկրի Գերագույն դատարանի անդամների հեռացումը:


Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:


Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:


«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:


Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը: