Ես իմ նախաձեռնությամբ եմ զանգել ՎՏԲ բանկ. Անի Հովհաննիսյանի գործով վկայի ցուցմունքում դատարանը հակասություններ գտավ (տեսանյութ)

16:29 • 12.04.17

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատավարությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Այսօր դատական նիստին ցուցմունք տվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող Ինգա Կիրակոսյանը, ով երեք ամիս աշխատել է « Անալիտիկ» լրատվական կայքում որպես գովազդի պատասխանատու:

Նա հայտնեց, որ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի հետ նորմալ հարաբերություններ ունի, նախկինում աշխատանքային հարաբերություններ է ունեցել:

«2015 նոյեմբերին « Անալիտիկ» կայքում ընդունվել եմ աշխատանքի, առաջին երկու, երեք ամիսը պետք է լիներ փորձաշրջան: Իմ աշխատանքային գործառույթն էր ՀՀ-ում գործող կազմակերպություններին առաջարկել գովազդ կայքում տեղադրելու նպատակով: Գտնում էի կազմակերպությունը,  ըստ ցանկի զանգահարում և առաջարկում էի գովազդ: 2016-ի հունվարից ընտանեկան խնդիրներ առաջացան, փետրվարին տեղեկացրի, որ ունեմ խնդիրներ և պետք է դուրս գամ աշխատանքի, բայց քանի որ նոր աշխատող գտնելը հեշտ չէ, Անի Հովհաննիսյանը խնդրեց գոնե նախկին առաջարկներիս հետևողական լինեմ և ազատ գրաֆիկով աշխատեի, իսկ դա որևէ խնդիր չէր առաջացնում»,-ասաց վկան:

Մեղադրող դատախազի հարցին, թե տվյալ ժամանակահատվածում որևէ կազմակերպության գովազդի առաջարկ արե՞լ եք, Ինգա Կիրակոսյանն ասաց, որ բազմաթիվ զանգեր է կատարել:

Հարցին, թե գովազդային առաջարկը համաձայնեցվո՞ւմ էր ղեկավարի հետ, Ինգա Կիրակոսյանն ասաց, որ աշխատանքի ընդունվելու ժամանակ իրեն տեղեկացրել են պահանջների մասին, ըստ որի պլանավորել է իր աշխատանքը:

Հարցին, թե ե՞րբ է զանգահարել «ՎՏԲ բանկ» և ո՞ւմ հանձնարարությամբ, Կիրակոսյանն ասաց.«Իմ նախաձեռնությամբ եմ զանգել ՎՏԲ բանկ և այլ բանկեր: Առաջին անգամ զանգել եմ նոյեմբեր ամսին, որտեղից, դեռևս առաջարկը չլսած, ասել են, որ զանգահարեմ մյուս տարի, որովհետև այդ ընթացքում բյուջեն սակավ է: Իրենք ուզում էին, որ ես փաթեթ ուղակեի, ես ասացի, որ փաթեթ չունենք, դրա համար պատրաստ եմ հանդիպել, երկրորդ անգամ, երբ զանգեցին և խնդրեցին փաթեթ ուղակել, ես նորից բացատրեցի, որ նման փաթեթ չկա, հետո հարցրին գումարի չափը, ասացի, որ տարեկան պայմանագիր կնքելու դեպքում 800 հազարից 1մլն ՀՀ դրամ է գալիս»:

Դատավորի հարցին, թե ՎՏԲ-ի հետ կապված ինչ բնույթի հրապարակումներ են եղել, վկան ասաց, թե ավելի ուշ իմացել է, որ հրապարակում է եղել առ այն, որ ՎՏԲ բանկն ունի ադրբեջանցի ձեռնարկատեր:

Մեղադրող դատախազն ասաց, որ մինչդատական վարույթում տված ցուցմունքում և դատարանում տված ցուցմունքում հակասություններ կան, առ այն, որ մինչդատական վարույթում Ինգա Կիրակոսյանն ասել է, որ ինքը հանձնարարությամբ է զանգահարել ՎՏԲ բանկ:

Դատախազն առաջակեց հրապարակել նախաքննական ցուցմունքը: Դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, համարելով, որ դրանցում հակասություն կա:

Նախաքննական ցուցմունքում Ինգա Կիրակոսյանն ասել էր, որ Անի Հովհաննիսյանի խնդրանքով է զանգել ՎՏԲ բանկ: Նույն ցուցմունքում նաև նշվում էր, որ Ինգա Կիրակոսյանը մի քանի բանկ է զանգել:

Ինգա Կիրակոսյանն ասաց, որ իր հարցաքննությունը տևել է մոտ հինգ ժամ, իսկ իր խոսքերը ընկալվել է երկակի, իսկ իրեն այդ պահին հետաքրքրել է շուտ դուրս գալ քննիչի մոտից:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ մի մասով՝ «ՎՏԲ» բանկից, մյուս մասով ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: