Իշխանությունների քաղաքականությունից դժգոհ վենեսուելացիները քարեր են նետել նախագահի մեքենայի վրա (տեսանյութ)

10:07 • 12.04.17

Վենեսուելական Բոլիվար նահանգի բնակիչները քարեր են նետել ավտոմեքենայի վրա, որում եղել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Միջադեպի տեսաձայնագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է հայտնի ընդդիմադիր, Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, գրում է ТАСС-ը:


Տեղեկություններ այն մասին, որ Մադուրոն տուժել է միջադեպի հետևանքով, չեն հաղորդվում:


Նշվում է, որ պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը դեպքի վայրից, երբ քաղաքացիները ճեղքել են շրջափակումը և ուղղվել դեպի ավտոմեքենան: Հինգ մարդ ձերբակալվել է միջադեպին ներգրավվածության կասկածանքով:


Նախօրեին հաղորդվել է, որ առնվազն 57 մարդ վնասվածքներ է ստացել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության հերթական ցույցի ժամանակ:


Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:


Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:


«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:


Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը: