Ուկրաինայում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող միջազգային խմբավորում է ձերբակալվել (լուսանկարներ)
Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն Ազգային ոստիկանության աշխատակիցների հետ միասին Կիևում ձերբակալել են մարդու ներքին օրգանների առևտրով զբաղվող միջազգային խմբավորման անդամների: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Իրավապահները պարզել են, որ Ուկրաինայից և մի քանի այլ երկրներից անձինք փնտրել են անապահով քաղաքացիների և նրանց առաջարկել վաճառել երիկամը: Անօրինական բիզնեսը թաքցնելու համար կազմակերպիչները ստեղծել են կոմերցիոն կառույց, որն իբր տրամադրել է բժշկական զբոսաշրջության ծառայություններ: Դոնորներին վճարվել է 13-15 հազար դոլար, իսկ իրենք՝ վաճառքն իրականացնողները, ստացել են հաճախորդից 80-100 հազար դոլար:
«Զոհից» համաձայնություն ստանալուց հետո չարագործները նրանց ուղարկել են արտասահման՝ վիրահատության:
Այժմ ձերբակալվել է խմբավորման վեց անդամ: Նրանց սպառնում է 8-15 տարվա ազատազրկում՝ ունեցվածքի առգրավմամբ:












