Ֆրանսիայում քաղաքապետը տուգանվել է դպրոցներում մահմեդականների մեծ թվի մասին խոսքերի համար
Ֆրանսիական Բեզյե քաղաքի դատարանը 2 հազար եվրո տուգանք է սահմանել քաղաքապետ Ռոբեր Մենարի համար, որն արտահայտվել է դպրոցներում մահմեդականների չափազանց մեծ թվի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայտնի է, որ 2016 թվականի սեպտեմբերի մեկին Մենարը Twitter-ում գրել է, որ ինքը «մեծ փոխարինման» ականատես է դարձել: Աղբյուրի հաղորդմամբ` այս տերմինը բնորոշում է Ֆրանսիայի քրիստոնյա բնակիչների արտաքսումը ներգաղթյալների կողմից:
«Իմ քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցի դասարաններից մեկի աշակերտների 91 տոկոսը մահմեդականներ են: Սա ակնհայտորեն խնդիր է», - գրառումն անելուց մի քանի օր անց ասել է Մենարը ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նշվում է, որ ֆրանսիական օրենսդրությունն արգելում է տվյալներ տրամադրել, որոնք հիմնված են մարդկանց կրոնական համոզմունքների և ազգային պատկանելիության վրա: Երկու հազար եվրո տուգանքից բացի՝ Մենարը պետք է փոխհատուցի որպես հայցվորներ հանդես եկած հակառասիստական կազմակերպությունների իրավաբանական ծախսերը:










