ՓՊ այս նախագահի պարագայում մի օր բանը հասնելու էր բռունցքների ու կտրող-ծակող վերքերի. Լ. Սահակյան (տեսանյութ)
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը, ով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի վրա կատարված հարձակումից հետո, եկել էր Տիգրան Աթանեսյանի գրասենյակ՝ զորակցություն հայտնելու նրանց, հայտնեց, որ ամեն ինչ շատ տրամաբանական է՝ մի օր բանը հասնելու էր բռունցքների ու կտրող-ծակող վերքերի: Մանրամասները` հարցազրույցում:
-Տիկի՛ն Սահակյան, հայտնի է, որ Փաստաբանների պալատում կային երկու թևեր, որոնց հարաբերությունները դեռ մինչև ՓՊ նախագահի ընտրությունները, մեղմ ասած, լավը չէին: Արդեն իսկ տուժող կողմից հայտարարվել է, որ սա գալիս է երկու թևերի միջև հին վեճերից, և որ ավելին՝ արվել է Արա Զոհրաբյանի հրահանգով: Դուք և՞ս այդ կարծիքին եք:
-Նախ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ չորս անձինք, որոնք եկել են, հարձակվել ու մարմնական վնասվածքներ են պատճառել մեր փաստաբաններին, այս խուլիգանական հարձակումը, որ արել են, նրանք առանց Արա Զոհրաբյանի գիտության երբեք ոչինչ չեն անում: Այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ այդ ամենը եղել է Արա Զոհրաբյանի գիտությամբ, առնվազն՝ գոնե թողտվությամբ, և եթե այդպես չլիներ, Արա Զոհրաբյանն առաջինը գոնե պետք է գտնվեր այստեղ (Տ.Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում): Նա այստեղ չէ, որովհետև ակնհայտ է, որ ուղիղ կապ կա այս անձանց ու իր միջև: Չմոռանանք, որ այս բոլոր անձինք Պալատի աշխատակազմում եմ, մեկն էլ Դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն է, և ակնհայտ է, որ այս ամենը չէր կարող լինել ոչ նրա գիտությամբ: Ուստի՝ ես ակնհայտորեն այս ամենը կապում եմ նրա հետ, որ տարիներ շարունակ բարձրաձայնվում է այն մասին, որ վերջին շրջանում, Պալատն, ըստ էության, իր դերն ու նշանակությունն արդեն իսկ կորցրել է: Եվ փաստաբանների պաշտպանություն իրականացնելու փոխարեն՝ հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի փաստաբաններն ինքնուրույն կարծիք չունենան։ Ըստ էության՝ փաստաբանները պետք է առաջնորդվեն միայն նախագահի՝Արա Զոհրաբյանի կարծիքով, ինչն արդեն իսկ անթույլատրելի է: Եվ յուրաքանչյուր անձ, ով ունի սեփական կարծիք, որը տարբերվում է Արա Զոհրաբյանի կարծիքից, հետապնդումների է ենթարկվում Պալատի կողմից՝ տարբեր միջոցներով՝ կարգապահական վարույթներ հարուցելով, տարբեր այլ եղանակներով: Հիմա արդեն բանը հասել է նրան, որ նրանք, հասկանալով, որ այլևս չեն կարողանում տարբեր միջոցներով լռեցնել փաստաբաններին, այդ թվում՝ Տիգրան Աթանեսյանին, արդեն իսկ հարձակում են գործել նրա գրասենյակի ու նրա անձի վրա: Ակնհայտ է, որ տեղյակ չեն եղել, որ Արմեն Սողոմոնյանն էլ կարող է այստեղ լիներ։ Եթե նա այստեղ չլիներ, միգուցե շատ ավելի վատ հետևանքներ լինեին: Այդուհանդերձ, այս ամենն ուղղակի անթույլատրելի է, անթույլատրելի է այն իմաստով, որ, ցավոք, այս վնասվածքներ պատճառողներից մեկը՝ Արմեն Սողոմոնյանին հիմնական վնասվածքներ պատճառողը, համաձայն Արմենի հայտարարության, Փաստաբանների պալատի դպրոցի տնօրենն է: Սա ուղղակի անթույլատրելի է, նրանք իրավունք չունեն լինելու փաստաբան:
-Վեճեր նախկինում ևս եղել են, բայց բանը, կարծես, չէր հասել բռունցքների ու ավելին՝ կտրող ծակող վերքերի: Դուք նման նախադեպ հիշում ե՞ք:
-Ամեն ինչ սրան հասնելու էր: Հասնելու էր, որովհետև, եթե ամեն ինչ շեղվում է իր բնականոն ուղուց և կամաց-կամաց Պալատն իր դերը կորցնում է, իսկ նախագահը կամաց-կամաց ինքնիշխան է իրեն համարում և կարծում է, որ իր կարծիքը պետք է բոլորի համար լինի օրենք, հետո տեսնում է, որ չի կարողանում փաստաբանների վրա, շարունակում է տարբեր ոտնձգությունները: Պետք է հասներ նաև սրան: Եթե փաստաբանները կարողանային միահամուռ լինել և պայքարել, ապա այս փաստերին մենք չէինք հասնի: Ակնհայտ է, որ այս ամենը թողտվության հետևանք է։
-Ինչպե՞ս եք պատկերացնում հարցի հանգուցալուծումն իրավական մակարդակում:
-Միանշանակ, կարծում եմ, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ անձինք, և միանշանակ պետք է դադարեցվի նրանց արտոնագրի գործողությունը:
-Իսկ Փաստաբանների պալատի նախագահի հրաժարականի հարց բարձրացնելո՞ւ եք:
- Փաստաբանների պալատի նախագահը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Ես մեծ հույսեր չունեմ, որովհետև հրաժարական սպասում են մարդուց, ով գիտակցում է իր գործողությունները, որ ինքը սխալ է: Այն, որ Արա Զոհրաբյանը վաղուց արդեն չի գիտակցում, թե ինչ է անում և կարծում է, որ այս աշխարհում իր խոսքն ու կարծիքը միակ ճշմարտությունն են, հավաստում է, որ, իհարկե, հրաժարական չի տա:










